ՌԱԴԻՈ

Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը

Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրակրթական դպրոցներում «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման հարցին, առարկայի ուսումնամեթոդական յուրահատկություններին և մասնագիտացված ծրագրի մատուցման խնդիրներին։
Sputnik

 

Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը

Արթուր Եղիազարյանի դիտարկմամբ` քանի որ շուրջ երեք տասնամյակ է, ինչ գտնվում ենք պատերազմական պայմաններում, հետևաբար նշված առարկան ինքնին կարևորվում է, սակայն ունի բարեփոխումների կարիք։

««Ռազմագիտություն» առարկան դասավանդվում է հիմնականում լսարանային պայմաններում։ Կարծում եմ, որ պետք է գործնական պարապմունքներն ավելացվեն, ընդգրկվի պրակտիկ կուրս, որպեսզի երեխաներն ավելի առարկայական ճանաչեն բանակը։ Չէ՞ որ մեր գլխավոր խնդիրը նաև նախազորակոչային տարիքի պատանիների պատրաստումն է որպես ապագա զինվոր ու երկրի քաղաքացի, որը կպայքարի երկրի արժեքների համար»,– նշում է ռազմական վերլուծաբանը։

Հանվել է ամեն հայկակա՞նը. դպրոցական գրականության ծրագրի մասին կարծիքները տարբեր են

Եղիազարյանի կարծիքով` «Ռազմագիտություն» առարկայի հետ պետք է փոխկապակցված լինի «Հայոց պատմությունը», որովհետև իր երկիրը պաշտպանող մարդը պետք է հստակ իմանա, թե ինչ արժեքների համար պետք է պայքարի։ Իսկ սիրելու ճանապարհն, ըստ նրա, միանշանակ սեփական պատմությունը ճանաչելն է։ Վերլուծաբանը նախընտրում է գործող տարբերակը, ըստ որի` նշված առարկան դպրոցներում դասավանդում են հատուկ մանկավարժական պատրաստվածությամբ մասնագետները, օրինակ` պահեստազորի սպաները, որոնք ընթացքում պետք է անցնեն վերապատրաստման կուրսեր։ 

««Ռազմագիտություն» առարկան պետք է դիտարկվի ոչ միայն որպես մարտավարական դասընթաց, զինատեսակները ճանաչելու միջոց, այլ նաև կոմպլեքս դասընթաց, որը կտա զինվորական գործին առարկայորեն ծանոթանալու հնարավորություն։ Անհրաժեշտ է դպրոցականներին հաճախ տանել զորամասեր, իսկ եթե պետք է, թող մեկ օր մնան զորամասում, ավելի մոտիկից ծանոթանան զինվորի առօրյային, սնվեն զինվորական ճաշարանում, քնեն զինվորական անկողնում»,– նշում է Եղիազարյանը։

Նրա գնահատմամբ` հասարակության մեջ երբեմն ասեկոսեների մակարդակով աղավաղված պատկերացումներ են շրջանառվում կամ միտումնավոր կերպով փորձ է արվում բանակի մասին ստեղծել բացասական կարծիք, և որպեսզի թյուր տեսակետները նախազորակոչային տարիքի պատանիների վրա որևէ ազդեցություն չթողնեն, պետք է բանակը ճանաչելիության տեսանկյունից դարձնել ավելի առարկայական։

«Փոխեք ինչ ուզում եք, բայց...». գրականագետը` ուսումնական աղմկահարույց ծրագրի մասին

Անդրադառնալով ուսումնական ծրագրերին` Արթուր Եղիազարյանն ընդգծում է, որ դրանք պետք է ներառեն մարտավարական խնդիրների որոշակի իմացություն, իսկ եթե հնարավորություններն ու պայմանները թույլ տան, դպրոցներում կարելի է ստեղծել զինանոց, որտեղ պահվող զինատեսակներին աշակերտները կծանոթանան ավելի անմիջականորեն։ Ըստ նրա` պետք է ցուցաբերվի կոմպլեքս մոտեցում, նույնիսկ կարելի է կոնկրետ դպրոցներ կցել զորամասերին։