Կորոնավիրուսի ևս մեկ զոհ. Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից

Վերջին տասը օրվա մեջ սա արդեն երրորդ դեպքն է։ Կորոնավիրուսի հետևանքով մահացած կինը շտապօգնության բրիգադի բուժքույր էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik.Հայաստանում ևս մեկ բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Սուսաննա Պարսամյանը շտապօգնության հին աշխատակիցներից է եղել։

«Նա հուլիսի 6-ից էր միացել կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժիշկների թիմին։ Ուղեկցող հիվանդություններ չուներ»,–ասաց Ստեփանյանը` նշելով, որ մահացած բուժքույրը 50-ն անց էր։ Իսկ թե որտեղ էր վարակվել կորոնավիրուսով, Ստեփանյանը չգիտեր։

Բուժաշխատողների մահվան երկու դեպք էլ գրանցվել էր հուլիսի 22–ին։ Մահացածներից մեկը 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն էր, մյուսը`56-ամյա Արմինե Հովհաննիսյանը։ Երկուսն էլ աշխատել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։