Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ՌԴ ԱԳՆ լրատվության բաժնի պետի տեղակալը խոսեց հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի, Ղարաբաղյան կոնֆլիկտի և թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիս — Sputnik. Ռուսաստանում խիստ անհանգստացած են վերջերս հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարման առումով։ Այսօր կայացած ճեպազրույցին ՌԴ ԱԳՆ լրատվության բաժնի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն այսպես սկսեց պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները համընկնում են Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։

«Ռուսաստանում համոզված են, որ տասնամյակներ ձգվող Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, քաղաքական բանակցությունների միջոցով։ Մեր տեսակետը կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները` ԱՄՆ–ն և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ–ն ու այլ միջազգային կառույցներ»,–ասաց Զայցևը։

Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

Նրա խոսքով` ՌԴ ղեկավարությունը ստանձնել է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում շփվելով տարածաշրջանային գործընկերների հետ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նրա գործընկերները հերթական անգամ վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը բանակցությունները շարունակելու»,–ասաց նա։

Գալով թուրքական կողմի հետ քննարկված թեմաներին` Զայցևը նշեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ու արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները, հատկապես Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա լուծման ուղիները։

«Մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացման վերաբերյալ, վերահաստատվել խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամությունը` ելնելով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»,–ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ։

Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան

Խոսելով այսօր մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին, որոնք նաև անցկացվելու են Հայաստանի սահմանին` Զայցևը նշեց, որ Ռուսաստանը բնականաբար շատ ուշադիր հետևելու է տարածաշրջանում դեպքերի զարգացմանը` հատկապես հայ-ադրբեջանական վերջին լարումից հետո։ «Կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում և ընթացիկ ռազմական զորավարժությունների ընթացքում»,–հայտարարեց նա։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն`  թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը կանցկացվեն համատեղ պլանայի զորավարժություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել