ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ բողոքը, որը ներկայացրել էր դատախազությունը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատեց վերաքննիչ քրեական դատարանը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Պողոսյանը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ իշխանություններն առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը։
Հուլիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով երկրորդ միջնորդությունը։
Հիշեցնենք` հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը, որը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Դրան հաջորդել էր ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` վերաքննիչը Մինասյանի պաշտպանների` կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել այն։
Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ
Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը նաև նախկին դեսպանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին