Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում

Մոսկվայի Օլիմպիական խաղերի համար ԽՍՀՄ-ում ոչ այդքան տարածված մարզաձևի թիմ ձևավորեցին, և արդյունքն ավելի քան անսպասելի էր:
Sputnik

Ուղիղ 40 տարի առաջ հայտնի մարզիկ Սոս Հայրապետյանը ԽՍՀՄ մականախաղի (խոտի հոկեյ) հավաքականի կազմում դարձավ Մոսկվայում անցկացված Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Այդ օրը ԽՍՀՄ թիմը 2:1 հաշվով հաղթեց Լեհաստանին: Sputnik Արմենիան զրուցել է Սոս Հայրապետյանի հետ:

Հայերի մեջ միակը

Մականախաղը Խորհրդային Միությունում այդքան տարածված չէր, էլ չենք խոսում Խորհրդային Հայաստանի մասին: Հայրապետյանն ինքն էլ մարզական կարիերան սկսել էր ֆուտբոլից, իսկ հոկեյի անցել 1976 թվականին՝ Մոսկվայում անցկացվող Օլիմպիական խաղերից 4 տարի առաջ:

Հայրապետյանը բավականին ուշ փոխեց մարզաձևը, բայց մեկ է` մեծ հաջողությունների հասավ: Այդ մարզաձևում ոչ մի հայի չի հաջողվել նման արդյունքներ գրանցել:

Իր կարիերայի ընթացքում նա դարձավ ԽՍՀՄ գավաթի քառակի հաղթող (1982, 1983, 1986, 1987), ԽՍՀՄ ութակի չեմպիոն (1980—1987), եվրոպական չեմպիոնների գավաթի երկակի մրցանակակիր (1982, 1983), Միջմայրցամաքային գավաթակիր (1981), Եվրոպայի առաջնության (1983) և Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1980):

Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում

Մարզվում էին ռոբոտի պես

Հայրապետյանը հիշում է, որ Մոսկվայի Օլիմպիական խաղերին սկսեցին պատրաստվել 1976 թվականից: Նախապատրաստական փուլում ներառվեց և՛ 1978 թվականի Եվրոպայի առաջնությունը, և՛ Չեմպիոնների գավաթը (ակումբային մրցումներ), և՛ Միջմայրցամաքային գավաթը:

Լավագույն արդյունքը, որ խորհրդային թիմն ունեցել էր Մոսկվայի Օլիմպիական խաղերից առաջ, 1977 թվականին Հռոմում անցկացված Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում երրորդ տեղն էր:

Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում

Մարզումների ռեժիմը բավական խիստ էր, չէ՞ որ այն ժամանակ մտածելակերպն այլ էր: Հայրապետյանի խոսքով՝ մարզիկներն աշխատում էին «ռոբոտների նման»: Օրը սկսում էր նախավարժանքից (վազք, ուժային վարժություններ) և ավարտվում մարզումների կամ ընկերական խաղերի վերլուծությամբ:

«Օրական երեք անգամ մարզվում էինք: Հավաքներն այնքան շատ էին, որ ոչ մի բանի ժամանակ չէր մնում: Եթե մենք պետք է Գերմանիա կամ Իտալիա մեկնեինք ընկերական խաղի, մեզ երկու շաբաթ անդադար մարզում էին Մոսկվայում: Մենք շեշտը դնում էինք ֆիզիկական պատրաստվածության վրա, քանի որ տեխնիկապես մենք զիջում էինք», - նշեց Հայրապետյանը:

Պետք է մրցանակներ նվաճել սեփական հարկի տակ

Մոսկվայում կայանալիք խաղերին ընդառաջ հոկեյիստներին մոտիվացնում էին այն բանով, որ խաղալու են սեփական հարկի տակ:

«Մեր առջև նպատակ դրեցին` անպայման ընդգրկվել հաղթողների եռյակում, պետական կոմիտեն էր նման պլան դրել: Սակայն մենք շատ երիտասարդ թիմ էինք, երիտասարդ մարզաձև էր: Մենք մասնակցեցինք խաղերին, քանի որ տանն էին անցկացվում, այլապես մենք հազիվ թե անցնեինք նախընտրական փուլը, չէ՞ որ այդքան էլ ուժեղ չէինք», - ասաց Հայրապետյանը:

Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում

Նա պատմեց, որ թիմում հիմնականում խաղում էին այնպիսի մարզիկներ, որոնք գնդակով հոկեյից էին տեղափոխվել: Ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 1976 թվականից, թիմը լուրջ առաջընթաց գրանցեց, որպես արդյունք՝ Հռոմում արժանացավ երրորդ տեղի:

Երիտասարդական թիմը հաղթում էր հիմնական թիմին

Օլիմպիական խաղերից ու Եվրոպայի առաջնությունից առաջ Հայրապետյանը խաղում էր երիտասարդական հավաքականում: 1979 թվականին մինչև 21 տարեկանների թիմը խաղաց ազգային հավաքականի հետ և հաղթանակ տարավ 4-1 հաշվով: 1980 թվականին՝ մինչ Օլիմպիական խաղերը, նրանք ևս մեկ անգամ հաղթանակ տոնեցին հիմնական թիմի նկատմամբ, որից հետո երիտասարդական թիմից 8 հոգի տեղափոխվեցին ազգային հավաքական:

Ջրացատկի մեր հերոսները. ինչպես Համբարձումյանը և Էմիրզյանը օլիմպիական մեդալներ շահեցին

«Ինչպես ժամանակին եղավ ֆուտբոլի հայկական հավաքականի հետ: Հենրիխ Մխիթարյանի սերունդը՝ որդիս՝ Լևոն Հայրապետյանը, Կառլեն Մկրտչյանը, Արտակ Եդիգարյանը, երկու եղբայրները (Էդգար և Գոռ Մալաքյանները), Գևորգ Ղազարյանը, ուժեղացրին թիմը: Այդպես էլ 1958-59 թվականներին ծնված խաղացողների մեր սերունդը շատ ուժեղ էր», - ասաց Հայրապետյանը:

Հետևում էր Խորեն Հովհաննիսյանի մարզումներին

Քանի որ Հայրապետյանը մինչև 16 տարեկանը ֆուտբոլ էր խաղում, այդ մարզաձևի նկատմամբ սերը չէր մարում: Մոսկվայի Օլիմպիական ավանում նա հետևում էր Կոնստանտին Բեսկովի ղեկավարությամբ ֆուտբոլիստների մարզումներին: Այնտեղ էր գալիս նաև Նիկիտա Սիմոնյանը:

«Ես ժամանակ էի գտնում, գնում էի դիտելու նրանց մարզումները: Մտերիմ էի Խորենի, Ալեքսանդր Չիվաձեի, բոլոր տղաների հետ: Շատ էի սիրում նրանց»,– ասաց Հայրապետյանը:

Մինչև հիմա հիշում է, թե Հովհաննիսյանն ինչ գեղեցիկ գոլեր էր խփում անգամ մարզումների ժամանակ:

Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին

Մեդալը՝ ամբողջ կյանքի պայքար

Օլիմպիական խաղերին մասնակցելը յուրաքանչյուր մարզիկի կյանքի իմաստն է: Հայրապետյանի խոսքով՝ եթե հասար դրան, արդեն հաղթանակ է:

«Իսկ եթե մեկը մեդալ է նվաճում, այնպիսի՜զգացողություն է… Եթե ինձ 10 մլն առաջարկեին մեդալի դիմաց, ես չէի համաձայնի: Ինձ շատ բան են առաջարկել, սակայն ես այն ոչնչով չփոխեցի: Այսօր էլ շարունակում են, բայց ոչ: Այն կյանքի գնով է վաստակվել, ամեն ինչ ներդրել ես մեջը, ամեն ինչ է քեզ համար: Պետք է ապրել բոլոր այդ հույզերը, ցնծությունը», - նշեց Հայրապետյանը:

Ըստ նրա՝ ժամանակները փոխվում են, կան մարզիկներ, որոնք մեդալը վաճառում, փոխանակում են որևէ բանի հետ: Հանրահայտ հոկեյիստը նրանց չի հասկանում. ինքը անասելի ջանքեր է գործադրել դրա համար:

5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր