Դավիթ Տոնոյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ

Դեսպան Ժոնաթան Լաքոտը բարձր է գնահատել այս ողջ ընթացքում ՀՀ–ում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ:

Ռուս և ամերիկացի դիվանագետներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն

«Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որ զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

«Հայկական կողմն ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին»,– շեշտել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել պատրաստվել բանակցությունների

Դեսպան Ժոնաթան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։