Դիմորդները դատարան կդիմեն․ԿԳՄՍ նախարարությունն այլընտրանք է առաջարկում

Դիմորդներն ու նրանց ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացրել նախարարության շենքի մոտ։ Նրանք սպառնում են դատական հայց ներկայացնել։ Նախարարությունը չի կիսում նրանց տեսակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Անցողիկ միավորներով բուհ չընդունված դիմորդները հուլիսի 29–ից կսկսեն դատական հայցեր ներկայացանել ԿԳՄՍ նախարարության դեմ։ Տեղեկությունը  նախարարության շենքի մոտ այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց  դիմորդներից մեկի հայրը՝ Մասիս Բաբալյանը։

«Տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ խախտումներ, հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե դրանցից որի հիմքով ենք հայցեր կազմելու։ Բնական է, որ մենք որպես ծնողներ դատական կարգով կպաշտպանենք մեր երեխաների իրավունքները։ Զուգահեռ փորձում ենք հանդիպել պատգամավորների հետ և քննարկել խնդրի հրատապ լուծումը»,-հայտարարեց նա։

Բուհ չընդունված դիմորդների համար ՄԻՊ–ը դիմել է Արայիկ Հարությունյանին

Բաբալյանը կարծում է, որ լուծումը շատ պարզ է` անհրաժեշտ է ավելացնել դիմորդների ընտրած մասնագիտացումների տեղերը։ Նախարարի առաջարկը՝ դիմել հեռակա ուսուցման, նա համարեց անիմաստ, քանի որ երեխաներն ուզում են առկա սովորել։ Նրա խոսքով՝ եթե իրավիճակը չփոխվի և խնդիրը չկարգավորվի, ապա չորեքշաբթի ակցիան կշարունակվի։ 

Որպես ցույցի եզրափակում դիմորդները որոշեցին նախարար Արայիկ Հարությունյանին Աստվածաշունչ նվիրել, որպեսզի նախարարը, նրանց խոսքով, մոտենա Աստծուն և ազգային արժեքներին։ Ավելին՝ նրանք կարծում են, որ նախարարն անձամբ է լարում իրավիճակը, քանի որ չի կարողանում կատարել իր պարտականությունները։

Նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ աշխատանքներ են տարվում չընդունված դիմորդներից յուրաքանչյուրի հետ, և խնդրի լուծման զանազան տարբերակներ են դիտարկվում։ Ավելին՝ նախկինում դժգոհություն հայտնող դիմորդներից շատերն արդեն ընդունման հայտի երկրորդ տողով ընդունվել են բուհեր, սակայն նրանցից ոմանք շարունակում են մասնակցել բողոքի ցույցերին։

«Մի քանի բուհ կա, որոնք պատրաստ են ընդունել այդ դիմորդներին։ Կա հեռակա ուսուցման հնարավորությունը, սակայն նրանք հրաժարվում են բոլոր հնարավոր տարբերակներից։ Սա արդեն քմահաճույքի են նմանվում»,-նշեց մամուլի ծառայության աշխատակից Օֆելյա Կամավոսյանը։

Նա հիշեցրել է, որ անցած տարի 300 դիմորդ դրական գնահատական էր ստացել, բայց չէր ընդունվել բուհ։ Այս տարի չի ընդունվել մոտ 200 դիմորդ, սակայն նրանց մի մասն է բողոքում միայն։

ԿԳՄՍՆ–ն նոր հաղորդագրություն է տարածել բուհ չընդունված դիմորդների բողոքների վերաբերյալ

Նշենք, որ 88 դիմորդ ավելի վաղ դիմել էր նախարարին՝ բողոքելով, որ անցողիկ միավորներով բուհեր չեն ընդունվել։ Նրանցից 64-ը մասնակցել են մրցույթի լրացուցիչ փուլին, որոնցից 63-ը ընդունվել են բուհ, մեկը` ոչ։ 20 դիմորդ չի մասնակցել լրացուցիչ մրցույթին։ «Գերազանց», այսինքն՝ 18 և ավելի բարձր միավոր ստացած 6 դիմորդ չի ընդունվել։ Նրանց առաջարկել են այլ բուհեր, դրան համաձայնել են չորսը։

Ինչպես կարող է լուծվել այս տարի բուհ չընդունված դիմորդների հարցը. պարզաբանում է Մխիթարյանը

Ավելի վաղ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ քննություններին ընդհանուր առմամբ գրանցվել է 11 638 դիմորդ, դրական գնահատական է ստացել 9 372–ը՝ չհաշված գերատեսչական բուհերը (բանակ, ոստիկանություն և այլն): Բուհեր է ընդունվել 8 706 դիմորդ։

Հիշեցնենք՝ այս տարի ընդունելության կարգում նորամուծություն էր կատարվել, որի մասին դիմորդների մի մասն իմացել էր միայն այն բանից, երբ պարզել էր՝ դրական միավոր է ստացել, բայց ոչ մի բուհ չի ընդունվել։ Հարցն այն է, որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկեցին հուլիսի 2–ին և ավարտվեցին հուլիսի 8-ին։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն հանձնեցին բուհ ընդունվելու համար։