Ոստիկանությունը զբաղվում է Սևանի ափին տեղի ունեցած «անդիմակ» համերգ–խնջույքով. տեսանյութ

Ստուգայցի համար հիմք են ծառայել ծովափում տեղի ունեցած համերգ–խնջույքի մասին հրապարակումները։ Տեսանյութերից ու լուսանկարներից երևում է, որ համերգ–խնջույքի մասնակիցները հակահամաճարակային ոչ մի կանոն չեն պահպանել։
Sputnik

Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն այս պահին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ստուգումներ են իրականացնում Սևանի White Shorja լողափում։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նա նաև հայտնեց, որ ստուգայցի համար հիմք են ծառայել նախօրեին ծովափում տեղի ունեցած համերգ–խնջույքի մասին մամուլի հրապարակումները։

Սևանի White Shorja լողափում հուլիսի 26-ին տեղի է ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը, որի հայտարարությունը հուլիսի 24-ից տեղադրված էր White Shorja–ի Facebook–յան էջում։

Ոստիկանությունը զբաղվում է Սևանի ափին տեղի ունեցած «անդիմակ» համերգ–խնջույքով. տեսանյութ

Իսկ արդեն համերգի ընթացքում սոցիալական կայքերում հայտնվեցին նաև ուղիղ եթերի տեսանկարահանումներ ու լուսանկարներ։

Դրանցից պարզ է դառնում, որ Գոռ Սուջյանի համերգին հաջորդել է բացօթյա խնջույք–դիսկոտեկ, որի մասնակիցներն առանց դիմակների ու հակահամաճարակային կանոնները պահպանելու զվարճանում ու հանգստանում են:

Խնջույքի ժամանակ նաև նարգիլե են օգտագործում, որոնց կիրառությունը, պարետի որոշմամբ, Հայաստանում այս պահին արգելված է։

Խնջույքից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել նաև AntiFake.am կայքը` հայտնելով, որ Սևանի ափին «նարգիլեով փարթիին» մասնակցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: 

Մամուլում տարածված լուրերի համաձայն` White Shorja լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։ Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Էկոաղետն անխուսափելի է, կամ ինչու են դիմակները չարյաց փոքրագույնը