Թուրքիայում հարձակվել են հայ երիտասարդի վրա ու ծեծել նրան

Հարձակման տեսագրությունը հենց ադրբեջանցիներն են տարածել համացանցում։ Կարո Փայլանը հորդորում է շտապ քայլեր ձեռնարկել և գտնել նրանց, ովքեր կանգնած են հարձակումների հետևում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գումգափու թաղամասում ադրբեջանցիները հարձակվել են հայ երիտասարդի վրա։ Ըստ Ստամբուլի «Ակոս» պարբերականի` հարձակման ենթարկվածի մայրը պատմել է, որ իրենք տաքսի նստելիս են եղել, երբ մի խումբ ադրբեջանցիներ մոտեցել են ու սկսել Ղարաբաղի մասին հարցեր տալ։

Կնոջ խոսքով` իրենք ասել են, որ այդ հարցերով չեն հետաքրքրվում, բայց, միևնույնն է, հարձակման են ենթարկվել։ 

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook–ի իր էջում գրել է, որ անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի դեմ սադրանքները կանխելու համար և գտնել նրանց, ովքեր կանգնած են հարձակումների հետևում։

Ադրբեջանցիները հրապարակել էին ծեծի տեսագրությունը, բայց այն այժմ արդեն հեռացված է համացանցից։

Նշենք, որ աշխարհի մի շարք երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո։