«Շնորհակալ եմ». Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին

Հանրահայտ ֆուտբոլիստը խոստացել է նաև անպայման հանդիպել զինծառայողներին, երբ Հայաստան գա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ է նվիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված հայ զինծառայողներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալ եմ». Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին

Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները:

«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։