ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Մոսկվայի դատարանները կալանավորել են հուլիսի 24-ի գիշերը հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի 10 մասնակցի։ Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի դատարանների մամուլի ծառայություններին։
Մոսկվայի Նիկուլինյան դատարանը կալանավորել է հինգ մարդու, որոնք մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց մասնակցությամբ)։
«Կալանավորվածերն են` Նիկոյան Արտակ, Ապրեյան Արսեն, Ապրեյան Արմեն, Նիկոյան Սեյրան, Պետրոսյան Արգիշտի, բոլորը մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց մասնակցությամբ)»,-ասել են Նիկուլինյան դատարանից։
Ավելի վաղ Տրոիցկի դատարանում միևնույն գործով կալանավորվել է ադրբեջանցի Ա․Մոժլումովը, ևս չորս ադրբեջանցի կալանավորվել է Կուզմինսկի դատարանի կողմից։
Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքից հետո բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ։ Նրանց նկատմամբ արձանագրություն էր կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ օրենսգրքի 20․1 հոդվածով՝ մանր խուլիգանություն, ինչպես նաև քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (խուլիգանություն) և 162-րդ հոդվածի (ավազակային գործողություններ) հատկանիշներով: Բացի այդ, իրավախախտներին կարող են արտաքսել Ռուսաստանից և հինգ տարով արգելել նրանց մուտքն այդ երկիր։
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ
Հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքները սկսվել էին հուլիսի 24-ի գիշերը։