ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Քննչական կոմիտեում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ու հոգեկան տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2020թ. հուլիսի 22-ին հայտնաբերվել է հետախուզվող հինգ անձանցից մեկը՝ Վահան Հարությունյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել, դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնենք`«Հարսնաքարի» տնօրենին ազատությունից զրկելու ու տանջելու փաստով հարուցված քրեական գործով 6 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։
Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ կալանքի միջնորդությունները դատարանը բավարարել էր, իսկ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել:
Նա ինքնակամ ներկայացել էր իրավապահներին և չհեռանալու մասին ստորագրություն տվել: Նախաքննությունը շարունակվում է:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ միջոցներ են ձեռնարկվում Ռուբեն Հայրապետյանին և հետախուզվող մյուս երեք անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ քրեական գործի` «Հարսնաքարի» տնօրենը 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր 52 միլիոն դրամ վարկ։
Փողի մի մասն օգտագործել է հյուրանոցային համալիրի կարիքների համար, մնացած 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության ու թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն հիմնելու համար։
Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել
Ռուբեն Հայրապետյանն ու նրա որդին, տեղեկանալով տնօրենի հիշյալ գործողությունների մասին, տնօրենից 52 միլիոն դրամը հետ ստանալու նպատակով 2016 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 18-ը տնօրենին պահել են հյուրանոցի տարբեր սենյակներում։
Հուլիսի 26-ին հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ որդին տնօրենին իր ավտոմեքենայով տեղափոխել է Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատուն։ Այստեղ նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյել է տնօրենին, նրանից պահանջել 120 հազար դոլար։ Ապա տնօրենին կրկին տեղափոխել են հյուրանոցային համալիրի տարածք:
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվի. բողոքը մերժվել է
Հուլիսի 27-ին հյուրանոցային համալիր այցելած Հայրապետյանը հանձնարարել է իր մոտ բերել տնօրենին, հայհոյել, էլեկտրաշոկով հարվածել նրա այտին՝ կրկին պահանջելով 120 հազար դոլար:
Տնօրենի կանչով հյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերներն ու ընկերուհին, որոնց ներկայությամբ նրանցից ու տնօրենից պահանջել են 57 միլիոն 138 հազար դրամին համարժեք 120 հազար դոլար:
Արդյունքում` տնօրենի հարազատները, նրանց մատնանշած անձանց անուններով են ձևակերպել իրենց տունը, ընտանիքին պատկանող տաքսի ծառայության տրանսպորտային միջոցների, ինչպես և իրենց ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարները, որից հետո միայն տնօրենն ազատ է արձակվել։