Աջ ղեկով մեքենաները ներմուծել են որպես ձախակողմյան ղեկ ունեցողներ. ԱԱԾ–ի նոր բացահայտումը

ԱԱԾ–ն ոստիկանության պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՊԵԿ–ի աշխատակիցների իրավախախտումներն է հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտել են ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր։

«ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք թույլատրել են աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը ՀՀ տարածք, չնայած այն հանգամանքին, որ 2018 թ. մարտի 1-ին ընդունված օրենքի համաձայն` դրանց ներմուծումն արգելվում է։ Նրանք 2020-ին թույլատրել են ավտոմեքենաների մաքսազերծումը և բացթողումը ՀՀ»,–նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ:

Մինչ այդ, նույն պաշտոնատար անձանց կողմից մաքսազերծման համար լրացված փաստաթղթերում աջակողմյան ղեկային համակարգի փոխարեն գրել են, որ մեքենաները ձախակողմյան ղեկ ունեն։

Ինչ կարգով կարելի է աջ ղեկով ավտոմեքենա ներմուծել Հայաստան. պարզաբանում է ՊԵԿ–ը

Բացի այդ, ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանամունքների իրավասու պաշտոնատար անձինք 2019-2020 թթ. ընթացքում քաղաքացիների կողմից պարբերաբար ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները գրանցելու համար չեն ստուգել, թե որ կողմում է դրանց ղեկը տեղադրված։ 

Նման քայլի դիմելու համար նրանք յուրաքանչյուր ավտոմեքենայի գրանցման համար խոշոր չափերով կաշառք են ստացել։ Ոստիկանության պաշտոնատար անձինք իմանալով, որ ներմուծվող մեքենաներն աջակողմյան ղեկ ունեն, կազմված արձանագրություններում և հաշվառման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են գրել` ասելով, որ դրանք փաստացի ձախակողմյան ղեկային համակարգով են աշխատելու։

Կառավարությունը թույլ կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, բայց որոշակի պայմանով

Դրանց հիման վրա տվել են ժամանակավոր հաշվառման համարանիշներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք ստանալը), ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ 2018 թ. ապրիլի 1-ից արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների` ՀՀ տարածք ներմուծելը։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել աջ ղեկով ավտոմեքենաների համար