Ադրբեջանը ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցի հետևանքով հայ զինծառայողի մահվան դեպքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով այսօր Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանի մահվան դեպքին:

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 27-ին` ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը:

Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը շուտով պետք է հայր դառնար

«Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` հատկանշական է, որ Ադրբեջանն այս սադրանքին է դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից հաշված օրեր անց, որտեղ կարևորվել էր հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:

Նաղդալյանը հիշեցնում է, որ այս ամենին զուգահեռ, Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին։

Հիշեցնենք` Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 6 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել