ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Առաջին անգամ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ մարդ է մահացել։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ 90-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կա առողջացման մեկ դեպք, բայց նաև կորոնավիրուս է հաստատվել ևս 9 քաղաքացու մոտ:
«Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացած էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված։ Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ»,- նշված է տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արցախում կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:
Կորոնավիրուսից Հայաստանում ևս 5 մարդ է մահացել․ ամենաերիտասարդը 63 տարեկան կին է
Վերջին տվյալներով՝ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուս է ախտորոշվել 212 մարդու մոտ, որից 149-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի: Մինչ այսօր իրականացվել է 4 691 փորձանմուշի հետազոտություն: