Խանութների ցուցափեղկերն արդեն լի են ամենախոշոր պտղով։ Ամառվա շոգին սառը ձմերուկից ցանկալի քիչ բան կա։
Պարզվում է՝ բացի սառը ու քաղցր երանությունից, ձմերուկը մեր օրգանիզմին նաև մեծ օգուտ կարող է տալ։
Մաքրում է օրգանիզմը
Ձմերուկը մեծ քանակությամբ ջուր է պարունակում, ինչը թույլ է տալիս օգտագործել այս պտուղն իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։ Ձմերուկի հյութը լյարդն ու երիկամները մաքրում է ավելորդ թունանյութերից։ Բացի այդ, ձմերուկը պարունակում է սննդային մանրաթելեր, որոնք նպաստում են խոլեստերինի նվազեցմանը։
Նյութափոխանակություն և մաշկի գեղեցկություն
Ձմերուկի պտղամիսը պարունակում է վիտամին A, В խմբի վիտամիններ (В1, В2, В6, В9 և РР), վիտամին С, վիտամին Е, մագնիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում։
Պարունակում է նաև ֆոլիաթթու, որն արագացնում է նյութափոխանակությունը և դրական է ազդում մաշկի ու մազերի առողջության ու մարսողական համակարգի գործունեության վրա։
Դանդաղեցնում է ծերացումը
Ձմերուկի մեջ առկա մեծ քանակությամբ հակաօքսիդանտները կանխում են ծերացման գործընթացը, պաշտպանում են օրգանիզմը տարիքային փոփոխություններից, պայքարում են ազատ ռադիկալների դեմ, օգնում դիմադրել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը։
Օգտակար է սրտի համար
Ձմերուկը հարուստ է մագնիումով (100 գրամում՝ օրական անհրաժեշտ մագնիումի մոտ 60%-ը), որն ապահովում է այլ օգտակար նյութերի՝ կալցիումի, նատրիումի, կալիումի նորմալ ներծծումը։ Դա օգտակար է ներքին օրգանների, մասնավորապես՝ սրտանոթային համակարգի համար։ Նույն այդ մագնիումը, ձմերուկի մեջ առկա բազմազան հակաօքսիդանտների հետ միասին, ապահովում են դրա հակասթրեսային ազդեցությունը, իսկ հենց ձմերուկի ամառային համը նպաստում է օրգանիզմում ուրախության հորմոնների արտադրությանը։
Ե՞րբ արժե հրաժարվել ձմերուկից
Ձմերուկի օգտագործումը հակացուցված է միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ձմերուկի օգտակարությանը հատուկ զգուշությամբ պետք է վերաբերվեն նաև շաքարային դիաբետ ունեցողները։
Ձմերուկային երթ, մրցույթներ ու համտեսում. Երևանում ձմերուկի փառատոն կանցկացվի
Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ ձմերուկի պտղամիսն ու կեղևը մանրէների զարգացման համար հոյակապ միջավայր են։ Հենց այդ պատճառով խորհուրդ չի տրվում գնել վնասված կամ արդեն կտրած պտուղները։ Չի կարելի նաև կտրած ձմերուկը պահել սառարանից դուրս։
Ձմերուկը հատկապես վտանգավոր է, եթե աճեցված է արհեստական պայմաններում։ Բանն այն է, որ որպեսզի ձմերուկը շուտ հասնի և ծանր լինի, այն «կերակրում են» ազոտային պարարտանյութերով, որոնք սովորական վիճակում շատ թունավոր չեն, բայց հայտնվելով աղեստամոքսային համակարգում, վերածվում են վնասակար միացությունների։ Հենց դրանք էլ ուռուցքային հիվանդություններ են առաջացնում։
Այսպիսով, բոլորի կողմից այդքան սիրված քաղցր պտուղը կարող է շատ վտանգավոր լինել։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձմերուկը վայելել ճիշտ սեզոնին և գնելիս ընտրել այն մեծ պատասխանատվությամբ։