Արփինե Հովհաննիսյանի օգնականի նշանակումը բուռն քննարկման թեմա է դարձել. «Հրապարակ»

Թերթի տեղեկություններով` նախկին իշխանության օրոք միջին օղակներում աշխատած անձի՝ բարձր պաշտոնում նշանակելու վարչապետի որոշումը միանշանակ չի ընդունվել իշխող քաղաքական թիմում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կադաստրի պետի տեղակալ նշանակված Նարինե Ավագյանն արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր:

Պարբերականը հիշեցնում է, որ Նարինե Ավագյանը Հովհաննիսյանի օգնականն է եղել, երբ վերջինը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն էր:

«Այս նշանակումն իշխող թիմում բուռն քննարկումների տեղիք է տվել․ շատերի կարծիքով՝ չի կարելի այդքան «իջնել» և նախկինում միջին օղակներում աշխատած, առավել ևս նախկինների օգնականներին բարձր պաշտոնների նշանակել։ Սա ցույց է տալիս այս իշխանության կադրային սնանկությունը»,- գրում է թերթը։

Լրատվամիջոցը նաև հետաքրքրվել է, թե ինչ կարգով է կատարվել հիշյալ նշանակումը և պարզել, որ թեև այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, սակայն Նարինե Ավագյանի համար միջնորդել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, որի մոտ ևս Նարինե Ավագյանն աշխատել է որպես օգնական:

ՀՀ–ում պաշտոնյաները ստիպված կլինեն հայտարարագրել թանկարժեք գնումներն ու ուղևորությունները

Հիշեցնենք՝ Նարինե Ավագյանին կադաստրի պետի տեղակալ նշանակելու որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր հուլիսի 22-ին:

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը նոր պաշտոն ունի