ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է հայ վարորդի BMW-ի վրա հարձակված անձանց։ Տեղեկությունը հայտնում է Telegram-ի Mash ալիքը:
«Մոսկվայում հայկական պետհամարանիշներով BMW-ի վարորդի վրա հարձակման 7 մասնակիցներ են ձերբակալվել: Երեկ Լյուբլինում այդ նույն մարդիկ ծեծել են 34-ամյա Գարիկ Գրիգորյանին: Տղան պարզապես նստած է եղել մեքենայում։ Նրան մոտեցել է ամբոխն ու սկսվել է: Գրիգորյանը հիվանդանոց է դիմել և դիմում գրել: Մի քանի ժամ անց արագ արձագանքման հատուկ ջոկատի ծառայողները սկզբում ձերբակալել են հարձակվողներից մեկին, այնուհետև ևս 6-ի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործողություններ են իրականացվել ամբողջ քաղաքում: Այժմ փնտրում են բոլոր մասնակիցներին: Քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, այդ հոդվածով մինչև 7 տարի ազատազրկում է սպառնում (և արտաքսում):
Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է անմիջապես կանխել հավանական ցանկացած բախում և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այդ թվում` արգելել Ռուսաստան նրանց մուտքը մինչև 5 տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում խումբ ադրբեջանցիներ հարձակվել են հայերի վրա: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է` ինչպես է տղամարդկանց խումբը ծեծում հայկական պետհամարանիշներով մեքենայում նստած տղամարդուն:
Մոսկվայի ոստիկանությունը քրգործեր է հարուցել հայերի ու ադրբեջանցիների բախումներից հետո
Բացի այդ, սոցցանցում տարածվում է տարեց տղամարդու վրա հարձակման ևս մեկ տեսանյութ: Կադրերում երևում է` ինչպես են տղամարդուն հարվածում են ոտքերով, անպարկեշտ խոսքեր ասում, միևնույն ժամանակ հարցնում. «Ո՞ւմն է Ղարաբաղը»: Իրավապահ մարմիններն արդեն 13 անձի ձերբակալել են:
Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում երկու համայնքների միջև հարաբերությունները սրվեցին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Տավուշի մարզում վերսկսած մարտական գործողություններից հետո:
«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է Մոսկվայում «Հազար ու մի գիշեր» ռեստորանի վրա հայերի հարձակման, ինչպես նաև մրգեր վաճառողին ծեծելու մասին: Վերջինիս գլխին ձմերուկ ու սեխ են կոտրել:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։