Կիպրոսում և Հունաստանում սգո զանգեր են ղողանջել Սուրբ Սոֆիայի տաճարի համար. տեսանյութ

Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը որպես մզկիթ գործելու առաջին օրն ուղղափառության, քրիստոնեության և հելլենիզմի համար տառապանքների օր է։
Sputnik

Մինչ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարում այսօր նամազ էր անցկացվում, Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում սգո զանգեր են ղողանջել։

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ Կիպրոսում և Հունաստանի որոշ քաղաքներում սգո զանգերը ղողանջել են, որով արտահայտել են իրենց բողոքը կատարվածի առնչությամբ։

Էրդողանը մասնակցել է Սուրբ Սոֆիայի մոտ անցկացվող նամազին. տեսանյութ

Կիպրոսի արքեպիսկոպոս Խրիզոստոմի որոշմամբ՝ սգո զանգերը սկսել են ղողանջել տեղական ժամանակով ժամը 12։00-ից`5 րոպեն մեկ։ Նա այս քայլը բացատրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կամայական, անթույլատրելի և հանցավոր քայլով։

Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը որպես մզկիթ գործելու առաջին օրն ուղղափառության, քրիստոնեության և հելլենիզմի համար տառապանքների օր է։

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու ու հուլիսի 24-ից այնտեղ մուսուլմանական արարողություններ անցկացնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։