«Խոստովանում եմ, որ մեր աշխատանքները բավարար չեն». Գեղարքունիքի մարզպետ

Գնել Սանոսյանը Սևանի ափին կազմակերպված ասուլիսի ընթացքում անդրադարձավ լճի ծաղկման` արդեն ամենամյա դարձած խնդրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզ այցելած լրագրողների հետ Սևանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսում մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հետաքրքիր խոստովանություն արեց:

Պատասխանելով Սևանի կանաչելու խնդրին՝ մարզպետն ասաց. «Աշխատանքներ, իհարկե, տարվում են, բայց ես խոստովանում եմ, որ մեր աշխատանքները բավարար չեն: Ափամերձ տարածքների մաքրման, գետերի հուների մաքրման, մաքրման կայանների տեղադրման առումով թեև որոշակի աշխատանք կա, բայց խոստովանում եմ, որ այդ աշխատանքները դանդաղ են ընթանում տարբեր սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով»:

Սանոսյանը Սևանա լճի էկոլոգիական խնդրի լուծման կարևորությունը համեմատեց բանակաշինության կարևորության հետ՝ նշելով, որ իր համոզմամբ` Հայաստանում բանակից հետո երկրորդ ոլորտը, որը պետական լուրջ ֆինանսավորման կարիք ունի, Սևանա լիճն է:

Սևանի արևելյան ափի ավտոճանապարհը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 1974 թ-ին. մարզպետ

«Մեր կառավարությունը, մեր գործընկերները, կարծում եմ, սա շատ լավ գիտակցում են, բազմաթիվ անգամ ասել են ու այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում»,- ասաց նա:

Ներկա պահին մարզում 3 մաքրման կայան է գործում՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս համայնքներում, որոնք, սակայն, միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Մինչդեռ հաշվի առնելով մարզի բնակավայրերի կոյուղացման ցածր մակարդակն ու անգամ որոշ գյուղերում դրանց բացակայությունը` մարզն առնվազն 4 կենսաբանական մաքրման կայանի կարիք ունի:

Հիշեցնենք՝ մասնագետներն արդեն ահազանգել են, որ Սևանն այս տարի դարձյալ ծաղկել է: Նրանց համոզմամբ` ամեն ինչ դեռ նոր է սկսվում, քանի որ շոգ ամառը Հայաստանում ու հատկապես Սևանում դեռ նոր է գալու:

Սևանի էկոլոգիական խնդիրներն, ըստ մասնագետների, հատկապես տեսանելի են դարձել 2018 թ-ից սկսած, երբ ջրի մեջ օրգանական նյութերի քանակը կտրուկ ավելացել է: Այդ նյութերը սնունդ են հանդիսանում ջրիմուռների համար, ինչն էլ խթանում է դրանց աճն ու տարածումը լճում:

Այս տարի ավելի շատ ջրառ է իրականացվել Սևանից. Ջրային կոմիտեի նախագահ