Հիմքեր կան պնդելու, որ Հայաստանը մտել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ. Փաշինյան

ՀՀ վարչապետը կոչ է անում լինել պատասխանատու և շարունակել հետևել հակահամաճարակային կանոններին, որպեսզի աշնանը պատրաստ լինենք կորոնավիրուսի հնարավոր երկրորդ բռնկմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հունիսի 14–ից հետո Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10.000–ից ցածր է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց` hիմքեր կան պնդելու, որ Հայաստանը ոչ միայն մտել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ, այլև աշնանը հնարավոր երկրորդ ալիքի ժամանակ կարող ենք ավելի լավ դիմակայություն ունենալ։

Նրա խոսքով` այս հարցում մեծ նշանակություն է ունեցել դիմակների ճիշտ կրումը:

«Ես նկատեցի, որ կրկին ակտիվացել է հակահամաճարակային կանոնների դեմ ուղված PR արշավը, էլի հակադիմակային արշավներ են սկսվում։ Բոլորիս համար էլ տհաճ է, որ դիմակ ենք կրում, բայց այս դրական դինամիկան միանշանակ կապված է դիմակ կրելու հետ»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով`պետք է շարունակել զգոն լինել և հետևել հակահամաճարակային բոլոր կանոններին։

Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36 613–ի, վարակվածներից 25 734-ն առողջացել են, 692-ը` մահացել։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 969 պացիենտ: