Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից. Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհուրդն այսօր քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի էսկալացիան, ինչպես նաև Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների սրացումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին սրացումից հետո ստեղծված իրավիճակը:

«Երևանն ու Բաքուն պետք է զերծ մնան չկշռադատված գործողություններից», - գրել է նա Facebook-ում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած էսկալացիան քննարկել էր ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ: Նա խիստ մտահոգություն էր հայտնել շարունակվող էսկալացիայի վերաբերյալ՝ շեշտը դնելով հրադադարի պահպանման ռեժիմի ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամության վրա: 

«Մենք երեք բան ենք ուզում». Արա Աբրահամյանը ներկայացրել է հայ համայնքի դիրքորոշումը

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել