«Բոշի մայլա», «Սլաբոտկա», «Թուրքի մայլա»…Գյումրու կոլորիտային թաղամասերի պատմությունը

Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում ներկայացնում է Գյումրու թաղամասերի, կամ ինչպես գյումրեցիներն են ասում «մայլեքի» պատմությունը:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

«Բոշի մայլա», «Սլաբոտկա», «Թուրքի մայլա»… Գյումրիում թաղամասերի կամ ինչպես գյումրեցիներն են ասում «մայլեքի» օրիգինալ անվանումներն արդեն իսկ ներկայացնում են այդ թաղամասերում բնակվողների ազգային պատկանելությունը, զբաղմունքը, հեղինակությունը, իսկ որոշ դեպքերում նաև նրանց բնավորությունը։

«Փրկիչ» դեղամիջոցն ու հեքիմները. ինչպես էին Ալեքսանդրապոլում փորձում կանխել համաճարակները

Գյումրու հայտնի թաղամասերն առաջացել են հիմնականում 19-րդ դարի առաջին կեսին։ Դեռևս 1800- ականներին Գյումրիում բնակվող յուրաքանչյուր ազգություն՝ թուրք, ռուս, հույն, իր թաղամասն ուներ: Թաղամասերից շատերը պահպանվել են մինչև մեր օրերը, չնայած վաղուց արդեն այդ ազգություններից շատերը Գյումրիում չեն ապրում:

«Գյումրիում հայտնի «Թուրքի մայլան» փոքր թաղամաս էր, որտեղ հիմնականում բնակվում էին մահմեդականները: Այն ամենահին թաղամասերից մեկն է: Մահմեդականները վերացել են թաղամասից, բայց անվանումը մնացել է»,- պատմում է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանը:

Հետաքրքիր պատմություն ունի նաև Գյումրիի ամենագեղեցիկ ու պատմական հարուստ ճարտարապետական ժառանգություն ունեցող «Սլաբոդկա» թաղամասը: Պարզվում է` դեռևս 1804-1805 թվականներին, երբ առաջին ռուս-պարսկական պատերազմը սկսվեց ու ռուսական զորքը մտավ Գյումրի, ռուսները մի փոքր տարածքում ստեղծեցին իրենց թաղամասը, որը կոչեցին «Սլաբադա»: Ի  դեպ, համանուն թաղամասեր կան ՌԴ-ի շատ բնակավայրերում:

«Բոշի մայլա», «Սլաբոտկա», «Թուրքի մայլա»…Գյումրու կոլորիտային թաղամասերի պատմությունը

«Նման թաղամաս մինչև հիմա կա նաև Մոսկվայում: Գյումրիում, որտեղ բնակվում էր հիմնականում ռուսական զինվորականությունը, թաղամասի անունը վերափոխվեց  «Սլաբոդկայի»»,–ասում է Հայրապետյանը:

Հաջորդ թաղամասը հայ կաթոլիկներին էր, ժողովրդի մոտ հայտնի «Ֆռանկների մայլան»: Նրանք 1829-1830 թթ. գաղթեցին Կարինից ու հաստատվեցին Գյումրիում՝ ստեղծելով իրենց թաղամասը:

Հաջորդ թաղամասը «Ուռմնոցն» էր՝ հունական թաղամասը՝ իրականում հունադավան հայերի թաղամասը: Նրանք ևս Գյումրի են եկել 1829-1830 թթ-ին:

Ռուս մեքենավարը խորտակեց թուրքերով լեցուն գնացքը. Ալեքսանդրապոլի օկուպացիայի անհայտ էջերից

Գյումրիում ամենահայտնի թաղամասերից մեկն էլ պատկանել է գնչուներին՝ ներկայիս Սայաթ Նովա փողոցի մոտակայքում, և կոչվել «Բոշի մայլա»:

Սրանք ազգային, դավանական ու կրոնական հիմքով ստեղծված թաղամասերն էին: Որոշ թաղամասերի, օրինակ` «Ձորի մայլայի» անունը ստեղծվել է տարածքի հետ կապված:

Արդեն խորհրդային տարիներին, երբ քաղաքը սկսեց զարգանալ, թաղամասերը նույն սկզբունքով անուններ ստացան, բայց արդեն ըստ մասնագիտությունների ու զբաղմունքի`  Տեքստիլագործների թաղամաս, Մսի կոմբինատ, Երկաթգծի թաղամաս, զինվորական թաղամասը՝  «Պոլիգոններ» և այլն:

«Մայլեն»՝ թաղամասը, գյումրեցիների համար այնքան կարևոր ու խորհրդանշական է, որ հաճախ կարելի է դրանց մասին լսել Գյումրին նվիրված երգերում: Դրանցից ամենահայտնին` այցեքարտ դարձած «Բամբիռ» ռոք  խմբի «Հե՜յ Ջան Լեննագան» երգն է իր հայտնի` «Հոպ ջան, ջան է ջան, որ մայլից ես, քեզի ղուրբան» տողերով: