Մինսկի խմբի դերն անփոխարինելի է. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին

ՀՀ արտգործնախարարը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդրի հարցը։ Հեռախոսազրույցին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն անփոխարինելի դեր ունի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Մնացականյանն իր կարծիքը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Հեռախոսազրույցին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ժամանակ Մնացականյանը կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը։

Հիմա ոչ ոք պատրաստ չէ վնասազերծել «ղարաբաղյան ականը»․ Լուկյանովի հարցազրույցը

Նա բարձր է գնահատել Ջոզեֆ Բորելի այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից:

Ադրբեջանական միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկականին, հօդս ցնդեց. Փաշինյան

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ադրբեջանը 150 մլն դրամի վնաս է հասցրել Տավուշի մարզին