Կառավարությունը բացահայտել է ՍԴ դատավորի իր թեկնածուի անունը

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուի առաջադրման հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար կառաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Ավետիսյանը ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոն վարիչ է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

ՍԴ դատավորներ առաջադրելու ժամանակը հոսում է. Բադասյանը վստահ է` ՍԴ կազմն արագ կհամալրվի

2015թ. հուլիսից հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամ է:

Կրթություն ստացել է 1994 – 1999 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Ավարտել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի ու իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը:

Մասնակցել է նաև Մանհայմի, Հայդելբերգի և Համբուրգի համալսարաններում կազմակերպված ուսումնական այցերին:

2001 թ. ապրիլ եւ օգոստոս ամիսներին մասնակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին:

Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի ՍԴ անդամի իր թեկնածուի անունը

Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Նույնն օրենքով, ՍԴ դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ըստ հերթականության ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:

Բոլոր թեկնածուները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից 3/5-րդ ձայներով: