Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման ցանցի շինարարությունը դարձյալ հետաձգվում է

Շինարարության ավարտը նախանշված է 2024 թ-ին, բայց ՀՀ կառավարությունը որոշ փոփոխություններ է առաջարկում վարկային պայմանագրում: Գործընթացը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի ժամկետի երկարաձգման մասին նոր համաձայնագիրը:

Դրանով սահմանվում է նաև հետվճարման փոփոխված նոր ժամանակացույց, որի համաձայն` ծրագրի ավարտը 2024թ-ից կարող է տեղափոխվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Կորոնավիրուսն օգնել է Իրանին. Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կվերսկսվի

Այս դեպքում, ԱԳՆ-ի տված եզրակացության համաձայն, Հայաստանը ստիպված է լինելու կրել երկարաձգման հետևանքով ՎՎԲ-ի կրած վերաֆինանսավորման ծախսերը, քանի որ դա է նախատեսված պայմանագրով: Ըստ ԱԳՆ-ի ներկայացրած տեղեկանքի` այդ փոխհատուցումը կազմելու է 740 000 հազար եվրո:

Բացի այդ, համաձայնագիրը ՀՀ կառավարությունն առաջիկայում պետք է ներկայացնի նաև ՀՀ ՍԴ՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Իսկ ՍԴ-ից դրական եզրակացություն ստանալուց հետո համաձայնագիրը պետք ստանա նաև ԱԺ-ի հավանությունը:

Հիշեցնենք՝ «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի իրականացման վարկային պայմանագիրը գերմանական KfW բանկի հետ ՀՀ-ն կնքել է 2014թ. դեկտեմբերի 9-ին 75 մլն և 10,2 մլն և 2015թ. դեկտեմբերի 11-ին 83 մլն եվրոյի չափով:

2015թ. մարտի 16-ին ևս 10 մլն եվրոյի վարկային համաձայնագրեր է կնքվել Եվրոպական ներդրումային բանկի հետ, իսկ 2016թ– ին` 10 մլն եվրոյի դրամաշնորհային համաձայնագիր՝ Եվրամիության հանձնաժողովի հարևանության ներդրումային գործիքի շրջանակներում:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

2017թ.-ին ՀՀ կառավարությունը որոշեց ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը և ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել դրա տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները:

2019թ. հոկտեմբերի 30-ին Հայաստանի արդեն նոր կառավարությունը վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով որոշեց չեղարկել ծրագրով հայտարարված մրցույթները և առանձնացված 3 լոտերով նոր մրցույթներ հայտարարել: Հենց այս որոշման արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել վերանայել KfW բանկի հետ ստորագրած 75 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրերը:

Հիշեցնենք, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II» ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը հայ-վրացական սահմանին ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում տեղակայվող ենթակայանին:

Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ-ի, երկրորդ փուլում` 700 ՄՎտ-ի, և վերջնական փուլում` 1050 ՄՎտ-ի:

Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից:

Նշենք, որ միաժամանակ իրականացնվում է նաև ՀՀ էներգետիկ համակարգը 400 կիլովոլտ լարմամբ գծով Իրանին միացնելու մեկ այլ ծրագիր, որի ավարտը նախանշված է 2021 թվականին:

Երկու նախագծերի իրականացման արդյունքում Հայաստանը, Իրանը, Վրաստանն ու Ռուսաստանը կկարողանան էլեկտրաէներգիայի անարգել առուվաճառք իրականացնել միմյանց հետ: