Ածելիով ՔԿՀ–ի աշխատակիցներին վնասելու դեպքով հարուցվել է քրգործ. նոր մանրամասներ

Վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և տեղեկացնում, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել:

«Սևան» ՔԿՀ–ի տարածքում թմրամիջոցներով փաթեթ են հայտնաբերել. լուսանկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բացել են կարանտինային բաժանմունքի պատժախցի դուռը՝ այնտեղ գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները նրան հանձնելու համար:

Դատապարտյալը, դրանք վերցնելու պահին, ձեռքին եղած ածելիով անսպասելիորեն վնասվածք է պատճառել ՔԿ հիմնարկի աշխատակիցներից մեկի ձախ թիակի հետին հատվածին:

Մյուս աշխատակիցը, վնասազերծելու նպատակով, փորձել է վերցնել ածելին, սակայն դատապարտյալը նույն ածելիով վնասվածքներ է պատճառել նաև նրա դեմքին ու պարանոցին:

Շարունակելով Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել է նաև ինքն իրեն:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննություններ: Հանցագործության գործիք հանդիսացող ածելին կցվել է գործի նյութերին:

Արդարադատության նախարարը հայտնեց, թե կորոնավիրուսային ինչ իրավիճակ է ՔԿՀ-ներում

ՔԿ հիմնարկի աշխատակիցներին հասցված վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: