Հոկտեմբեր 27-ի հետաքննությունը շարունակվում է. ԱԱԾ-ն՝ Նաիրի Հունանյանի նամակի մասին

ԱԱԾ-ն չի շտապում բացահայտել, թե խորհրդարանը գլխատած խմբի պարագլուխն ինչ է գրել Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. «Հոկտեմբեր 27»-ի գործով նախաքննությունը շարունակվում է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին ԱԱԾ քննչական դեպարտամենտից։

Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ներս չեմ մտել. Մարուքյան

Ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանը 2020 թվականի հունվարին նամակ էր գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետը նամակը մակագրել էր ՀՀ գլխավոր դատախազին, իսկ դատախազությունն էլ այն ուղարկել էր Ազգային անվտանգության ծառայություն: 2020 թվականին փետրվարին ԱԱԾ-ում ստեղծվեց քննչական խումբ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության, մասնավորապես կազմակերպիչներին ու հովանավորներին վերաբերող գործի հետաքննության համար։ Երբ հայտնի դարձավ, որ Հունանյանը նամակ է գրել ՀՀ վարչապետին, ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, թե նա պատրաստակամություն է հայտնել մասնակցել քննությանը և ջանք չխնայել կազմակերպիչներին բացահայտելու համար:

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԱԾ ՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք «Հոկտեմբերի 27»-ի գործի շրջանակներում ինչ-որ գործողություններ իրականացվել են Հունանյանի նամակի հիման վրա, եղել են արդյոք այնտեղ քննության համար կարեւոր տեղեկություններ, և արդյոք հեղինակը կրկին հարցաքննվել է:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ չի բացահայտել՝ վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ կետը, ըստ որի՝ «Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները»։

«Հետևաբար ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվող քրեական գործով հայցվող տեղեկատվությունը ներկա փուլում չի կարող տրամադրվել՝ հաշվի առնելով նաև այն, որ քրեական գործի ներկա փուլում որոշակի տեղեկատվություն կարող է հասանելի լինել միայն դատավարության համապատասխան մասնակցի կարգավիճակ ունեցող անձանց», - նշված է պատասխանում։

Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։

Դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։