Երևանում 7-8 շուն հարձակվել են մեքենայի վրա, ջարդուխուրդ արել այն. տեսանյութ

Թափառող շները հարձակվել են բակում կայանած մեքենայի վրա, ինչ–որ մասեր պոկոտել դրանից։ Մեքենայի տերն ահազանգել է, դեպքի առնչությամբ տեսանյութ հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի –Sputnik. Այսօր լուսադեմին` ժամը 06։00-ի կողմերը, գազազած շների ոհմանը հարձակվել է երևանյան բակերից մեկում կանգնած մի մեքենայի վրա և ջարդուխուրդ արել այն։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել օգտատեր Գոհար Աղաջանյանը` հրապարակելով վնասված մեքենայի լուսանկարն ու տեսանյութ։

Թափառող շների կողմից բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխային կրկին վիրահատել են

«Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հարգելի Երևանի քաղաքապետարան, ո՞վ է այս ամենի համար պատասխանատվություն կրում։ Ես` որպես ՀՀ քաղաքացի, ինչո՞ւ պետք է ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ: Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունն այդ իրավիճակում»,–գրել է Աղաջանյանը։

Ի դեպ, տեսանյութում երևում է, թե ինչպես են 7-8 շուն հարձակվում մեքենայի վրա, կծոտում դրա մասերն ու պոկում դրանք։

Տեսանյութի մեկնաբանություններից պարզվում է` մեքենան պատկանում է հենց Գոհար Աղաջանյանին։

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից» Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեպքի առնչությամբ արդեն իսկ ահազանգ են ստացել։ 

Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ

«Դեպքի առնչությամբ այժմ ուսումնասիրություն է արվում»,–ասացին կենտրոնից։

Հիշեցնենք, որ փետրվարին մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում շրջանառվող` թափառող շներից հարձակումից տուժած մի երեխայի լուսանկարը։

Այդ ժամանակ մի խումբ մարդիկ ահազանգել էին, որ Մալաթիա–Սեբաստիայի թիվ 174 և 176 դպրոցների, ինչպես նաև թիվ 92 մանկապարտեզի տարածքում մեծ թվով թափառող շներ կան։

Նշվում էր, որ դրանք պարբերաբար հարձակվում են դպրոց և մանկապարտեզ գնացող երեխաների վրա։

Փնտրվում են խնդրահարույց շները. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի հայտարարությունը