Պե՞տք է փոխել Մինսկի խմբի բանակցային ձևաչափը. պատասխանում է Զոհրաբ Մնացականյանը

Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել France 24-ին։ Նա անդրադարձել է հակամարտության լուծման խնդրին, հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու պատասխանել հարցին ` առաջիկայո՞ւմ կլինի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում։ Նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` France 24 լրատվամիջոցին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե չի՞ կարծում, որ պետք է վերանայել բանակցային ձևաչափը, քանի որ Մինսկի խմբի համանախագահությունը կարծես թե չի աշխատում։

Հիմա ոչ ոք պատրաստ չէ վնասազերծել «ղարաբաղյան ականը»․ Լուկյանովի հարցազրույցը

«Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ այն չի աշխատում: Այն գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն և չեմ տեսնում որևէ պատճառ այն փոխելու»,–ասել է Մնացականյանը։

Նախարարից հետաքրքրվել են նաև, թե արդյո՞ք երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման և փակուղուց դուրս գալու հարցում: Ի պատասխան Մնացականյանը նշել է, որ ղեկավարների միջև հանդիպումները գործընթացի մաս են, դրանք եղել են նախկինում և կարծում է` վերստին կլինեն: Սակայն, ըստ նախարարի, այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ Հայաստանը ձգտում է ստեղծել առաջընթացի լավ հիմքեր:

Նա շեշտել է, որ կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, որոնք բանակցում են, նախապատրաստում առաջնորդների աշխատանքը:

«Մենք կշարունակենք աշխատել  բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի»,–ասել է նախարարը։ 

Սահմանային լարվածության պատճառահետևանքային կապը դեռ վերացված չէ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 21-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։