Լոս Անջելեսում մահացել է կովկասյան շանսոնի լեգենդ Բոկան․ նա 71 տարեկան էր

Հայտնի երգչի մահվան պատճառ է դարձել թոքերի շարունակական և քրոնիկ հիվանդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Լոս Անջելեսում մահացել է կովկասյան շանսոնի լեգենդ Բոկան (Բորիս Դավիդյան)։ Լուրը Facebook-ում հայտնել է լրագրող Վահե Ղազարյանը։ «Հանգչիր խաղաղությամբ, Բոկա․․․ շատ ափսոս․․․»,-գրել է նա։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ լուրն իմացել է ԱՄՆ-ում բնակվող ընկերներից։ Երգչի մահվան պատճառ է դարձել թոքերի տևական և քրոնիկ հիվանդությունը։ Բորիս Դավիդյանը 71 տարեկան էր։

Բոկայի մահվան մասին Instagram–ի իր էջում գրել է նաև երգիչ Արա Մարտիրոսյանը։ «Աստված հոգիդ լուսավորի, Բոկա ջան»,–նկարին կից գրել է նա։

Բոկան տասնյակ երգերի հեղինակ-կատարող է, որոնց թվում են «Доля воровская», «Ցավդ տանեմ», «Ջանա» և այլ հիթեր։ Իր առաջին երաժշտական ալբոմը ձայնագրել է 1972թ․-ին։ Որոշ աղբյուրներ նրան անվանում են «շանսոնի դասական»։ 1995թ․-ի Բոկան ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Լոս Անջելես։ Նա ունի կին, որդի, երկու դուստր և չորս թոռնիկ։ Նրանցից մեկը երգիչ Ժոկան է, որը հաճախ կատարում է պապի երգերը։