ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Արտաշատի բուժկենտրոնը տեղեկացնում է, որ նորածնի վաճառքը չէր կարող տեղի ունենալ իրենց բուժկենտրոնում, քանի որ մարտի 31-ից ԲԿ–ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի և սպասարկում է բացառապես կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներին։
Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ Արտաշատում նորածնի վաճառքի դեպք են բացահայտել։ Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի ԲԿ–ի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ երեխային 2000 դոլարի դիմաց կհանձնի երևանաբնակ ամուսինների։ Ծննդաբերությունից հետո` հուլիսի 13-ին, ԲԿ–ի մոտ կինը մայրը նորածնին հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ:
«Ցավալի այս դեպքը չէր կարող տեղի ունենալ մեր կենտրոնում նախ այն պարզ պատճառով, որ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը մարտի 31-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի։ Մարտի 31-ից մեր կենտրոնում ծննդօգնություն ծառայությունը չի տրամադրվել, իսկ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին»,–նշված է ԲԿ–ի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հայտնում են, որ եթե նույնիսկ իրենց մոտ եղած լիներ ծննդաբերությունը, ապա, միևնույն է, բացառվում են այսօրինակ բոլոր երևույթները։
Ի դեպ, նշենք, որ ոստիկանության հաղորդագրության մեջ չի նշվում, որ դեպքը տեղի է ունեցել հենց ԲԿ–ում, կամ էլ կինը ծննդաբերել է ԲԿ–ում։
Ոստիկանությունը հայտնել էր միայն, որ ԲԿ–ի բժշկուհիներից մեկի հետ է ծննդկանը համաձայնության եկել։
Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։
«Դա իմ երեխան չէր». նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով արտաշիրիմում են արել