Փոխհրաձգություն ռեստորանում. տնօրենն ու ընկերները գյուղացիների հետ են վիճաբանել

Ռեստորանում սկսված վիճաբանությունն ավարտվել է անօրինական պահվող զենքերից միմյանց ուղղված կրակոցներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում գործող «Դաչա 56 էկո» ռեստորանային համալիրի տնօրենի, վերջինիս երեք ընկերների և նույն գյուղի բնակիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։

Ռումբ չի եղել. Արմավիրի 3 վայրերի մասին ահազանգը կեղծ էր

«Հուլիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Դաչա 56 էկո» ռեստորանի տնօրենի, վերջինիս երեք ընկերների և նույն գյուղի բնակիչների միջև վիճաբանության ընթացքում, 2 կողմն էլ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Կրակոցների հետևանքով վնասվել են ռեստորանային համալիրի պատուհանը, ռեստորանի մոտ գտնվող ավտոմեքենաները։ Բացի այդ, տեղի աշխատակիցների, հաճախորդների, հարևանությամբ բնակվող անձանց մոտ վախի մթնոլորտ է ստեղծվել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրգործ:

Զարհուրելի սպանություն Վանաձորում. որդին սպանել է մորը, մասնատել նրա մարմինը և այրել

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են չորս տարբեր հրազեններից կրակված պարկուճներ, կրակված գնդակ և չկրակված փամփուշտ, ինչպես նաև՝ 1 հատ դանակ, հարցաքննվել են վկաներ:

Պարզվել են դեպքի շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, որոնցից երեքին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել։ Դրա  կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: