ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի— Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
«Նախագահը և Վեհափառն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, ինչպես պատմության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում զորավիգ են հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող մեր զինվորների կողքին են:
Նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են նաև ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման մասին:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար:
Հարյուրավոր մարդիկ են արձագանքել Նիկոլ Փաշինյանի կոչին
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։