Արկերից մեկն ընկել է մանկապարտեզի տանիքին։ Բարեբախտաբար այդ պահին շենքում ոչ ոք չի եղել։
Հարևան տան բնակիչը ցանկացել է ստուգել` արդյոք հրդեհ չի՞ բռնկվել, ու նա էլ է հազիվ փրկվել մահից. պոկված էլեկտրալարին է կպել, որում հոսանք է եղել։
Մանկապարտեզից քիչ հեռու մեկ այլ արկ էլ ընկել է գոմի վրա, որի տերը նույնպես փրկվել է արկակոծությունից։ Նա որոշել է իր փրկվելը նշել խոզի խորովածով։
«Առաջինը առաջնագծի կենացն ենք խմել, որ էնտեղ պատրաստ կանգնած են մեր տղերքը»,– ասում է նա։
Գյուղում ընդհանուր առմամբ մոտ տասը տուն ու շինություն է վնասվել, որոնց մի մասն արդեն սկսել են վերականգնել։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։