ՌԱԴԻՈ

Սահմանային լարվածության պատճառահետևանքային կապը դեռ վերացված չէ 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: 
Sputnik
Սահմանային լարվածության պատճառահետևանքային կապը դեռ վերացված չէ 

Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ ներկայում Տավուշում ժամանակավոր դադար է, որովհետև այն խնդիրներն ու պատճառահետևանքային կապը, որոնք առկա էին սահմանային լարվածության և մարտական գործողությունների ծավալման ժամանակ, դեռևս վերացված չեն:

«Երկրորդ հանգամանքն այն է, որ առաջնային պատճառներից մեկը՝ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը, այսինքն՝ ադրբեջանցիների ջանքերով ստեղծված փակուղին նույնպես նպաստեց վերջին զարգացումներին: Այստեղ բավականին խնդրահարույց է միջնորդների աշխատանքը, ինչը պայմանավորված է համավարակով, որովհետև առկա իրավիճակում միջնորդներն իրենց հանդիպումներն իրականացնում են տեսակոնֆերանսների ձևաչափով, ինչը նրանց թույլ չի տալիս արդյունավետորեն իրականացնել իրենց վրա դրված առաքելությունը»,- նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը: 

Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` բացի այն հանգամանքից, որ միջնորդները չկարողացան իրենց կանխարգելիչ դերը կատարել ռազմական տեղային գործողությունների վերսկսման հարցում, այս փուլում էլ ջանքեր չեն գործադրում Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու հարցում:

Ադրբեջանը ԼՂ կարգավորման գործընթացը վերադարձրեց 2016թ.-ի ապրիլ. Աննա Նաղդալյան

Ըստ նրա՝ սա է պատճառներից մեկը, որ առկա հարաբերական հանգստությունը դեռ չի ստացվում առարկայացնել՝ դրական ազդակներ հաղորդելով հասարակությանը:

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանում միջնորդներն ու հավասարակշռություն ապահովող երկրները պետք է գործադրեն իրական ջանքեր իրավիճակի ժամանակին հանգուցալուծման համար: Ըստ նրա՝ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը դեռ ամբողջությամբ լիցքաթափված չէ և դեռևս չեն երևում այդ լիցքաթափմանը գնացող միտումներ, ուստի դա է հիմնական պատճառը, որ այս պահին իրավիճակային ցանկացած զարգացում հնարավոր է, իսկ հարաբերական հանգիստ վիճակն էլ ՀՀ զինված ուժերի իրականացրած գործողությունների արդյունքն է, ինչը զսպող մեխանիզմ է ադրբեջանական արկածախնդրությունը տարբեր փուլերում և տարբեր ակտիվությամբ զարգացնելու առումով:   

«Անհոգ եղեք...». հայ զինծառայողները հուզիչ ուղերձ են հղել առաջնագծից. տեսանյութ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։