Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք: Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը։ Կառավարության նկարահանած տեսանյութում այսպես է իր խոսքը սկսում նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած Տավուշի Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյան։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հակառակորդի անօդաչու թռչող սարքից վիրավորում ստացած Չինարիի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի վիճակը բավարար է:
9 տարի առաջ ոտքը կորցրած մարդն ասում է՝ պետք լինի էլի հայոց բանակի մեջքին կանգնած կլինի։
«Առյուծ ու արծիվ տղերք ունենք կռվող, մեր ջահել սերունդն ապացուցեց, որ մեզանից հզոր են»,-ասում է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Ադրբեջանը նեղն է ընկել և Թուրքիայից զենքի օգնությու՞ն է ուզել․ Հովհաննիսյանի տեղեկությունը
Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։