Զորակոչն ու զորացրումն իրականացվում են բնականոն, հետաձգում չի լինելու. Հովհաննիսյան

Նա չբացառեց, որ այս հարաբերական հանգիստը կարող է լինել պարզապես հնարք ադրբեջանցիների համար մեր զգոնությունը բթացնելու և այլ նույնիսկ այլ հատվածում հարված հասցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Սահմանագծում ամբողջ օրը համեմատաբար հանգիստ է  եղել, կրակոցները քիչ են եղել, միայն հրաձգային զենքերից։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ այսօր եղել է զորամասերից մեկում, զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, տեսնում են հակառակորդի բոլոր շարժերն ու ցանկությունները։ Ցանկացած սադրանք արժանի հակահարված կստանա։

Տավուշում ոչ մի երեխա ապաստանի կամ սննդի խնդիր չունի. մարզպետ

Նա չբացառեց, որ այս հարաբերական հանգիստը կարող է լինել պարզապես հնարք ադրբեջանցիների համար մեր զգոնությունը բթացնելու և նույնիսկ այլ հատվածում հարված հասցնելու համար։ Նա կրկնեց՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություն ճնշվելու է։

«Զորակոչն ու զորացրումն իրականացվում են բնականոն, ոչ մի հետաձգում չկա ու չի էլ լինելու»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։