Փաշինյանը Լուկաշենկոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի երկու երկրների փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik.  Մինսկում տեղի է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Անկեղծ ասած, ԵԱՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք դեռ ունենք բավարար խոչընդոտներ, միջպետական սահմաններում կան խոչընդոտներ: Արդեն նույնիսկ բիզնեսն է դա հայտարարում: Թվում է, թե սահմաններ չկան և սահմանին լարվածությունը չափազանցված է: Դուք դա ինձնից վատ չեք զգում: Հետևաբար, անելիքներ կան: Բայց ես շատ կցանկանայի, որ վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը», - ասել է Բելառուսի նախագահը:

ՌԴ–ն քայլեր է ձեռնարկել հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները դադարեցնելու համար

Նրա խոսքով` Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում: «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մենք չունենք մեծ պաշարներ, ինչպես մեր մյուս գործընկերները: Նույնիսկ գների անկմամբ, Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն: Մենք այդ հնարավորությունները չունենք»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նիկոլ Փաշինանն իր հերթին ասել է, որ բավականին լավ արդյունքներ ունենք և Հայաստանի օրինակը բերել: «Մենք պետք է վերացնեինք երկու խոչընդոտ և մենք դա արդեն արել ենք: Մի որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսն ընդունվել է, բայց ուժի մեջ կմտնի ավելի ուշ: Մենք այսօր լսեցինք զեկույց՝ տասը խոչընդոտների վերաբերյալ, և ընդհանուր առմամբ ութը խոչընդոտ փաստացի արդեն վերացվել է»,-ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով՝ արդյունավետ հանդիպում էր, ճիշտ է այն ձգձգվեց, բայց որ աժեր այդքան աշխատել ծրագրերի վրա, քանի որ կոնկրետ հարցեր որոշվեցին: «Այդ հարցերը հետաքրքրում են մեզ բոլորիս: Գիտեմ, որ կան կոնկրետ հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Բելառուսի համար, կան հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Հայաստանին: Կարծում եմ, եթե մեզ հաջողվի պահպանել քաղաքական կամքը ներկա մակարդակում, բոլոր հարցերը կլուծվեն: Մենք պարզապես պետք է աշխատենք դրա վրա»,-ասել է Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման և ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային և մանրամասներ փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը:

«Ստիպված եք երկու ճակատում կռվել...». Լուկաշենկոն կատակել է Փաշինյանի գրաֆիկի թեմայով

Նշենք, որ Մինսկում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են նաև Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես  նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն այս ձևաչափով առաջինն է կորոնավիրուսի համավարակի ընթացքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

ՌԴ–ն քայլեր է ձեռնարկել հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները դադարեցնելու համար

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։