Մեր հայրենիքը պաշտպանելու ենք բոլոր միջոցներով. հայտնի հայ գործարարի դստեր հուզիչ գրառումը

Ամբողջ աշխարհի հայերն այսօր մտովի տեղափոխվում են իրենց պատմական հայրենիք։ Վերջին օրերի տագնապալի իրադարձություններին արձագանքել են արդեն բազմաթիվ հայտնի դեմքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի շուրջն են  համախմբել աշխարհասփյուռ հայությանը։ Այս կարծիքին է հայտնի գործարար, բարերար, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը` բիզնեսլեդի Տաթևիկ Կարապետյանը։ Նա Instagram-ի իր էջում հուզիչ գրառում է կատարել՝ ընդգծելով իր սերը հայրենիքի հանդեպ։

«Ինչ է իսկական սերը հայրենիքի հանդեպ։ Դա սեր է այն երկրի հանդեպ, որտեղ ծնվել ես, այն վայրի հանդեպ, որտեղ ապրում են քո մտերիմներն ու հարազատները, դա սեր է նախնիներիդ հողի հանդեպ։ Յուրաքանչյուրի համար այն տարբեր է, բայց մի բան միանշանակ է. այդ զգացումն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մարդու սրտում։ Եվ այն սկսում է ցավել հայրենի հողին սպառնացող փոքրագույն վտանգի դեպքում։ Այս օրերին սիրտս լցված է տագնապով, թե ինչ է կատարվում իմ հայրենիքի սահմաններում ՝ իմ Հայաստանում»,- գրել է նա։

«Կապույտն էլ լիներ, Հայաստանի դրոշը կդառնայի». Քարդաշյանը կոչ է արել աջակցել Հայաստանին

Տաթևիկն ընդգծել է, որ սահմանին ստեղծված իրավիճակը միջազգային ամբողջ հանրության ուշադրությունն է պահանջում։ Նա հույս է հայտնել, որ համապատասխան արձագանքը կլինի անհապաղ ՝ նշելով, որ անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա սրման հնարավորությունը՝ պատերազմից խուսափելու համար:

Ցանկացած վտանգ, որ առաջանում է Հայաստանի, նրա ժողովրդի և նրա խաղաղ կյանքի համար, անթույլատրելի է։

«Իմ հզոր ժողովուրդը, որն իր պատմության ընթացքում վերապրել է բազմաթիվ ողբերգություններ, եղել ոչնչացման եզրին, ողջ է մնացել։ Ողջ է մնացել արժանապատիվ ՝ պահպանելով իր լեզուն, մշակույթը, կրոնը, իր պետությունը, պահպանելով մեծ սերը հայրենիքի և հարուստ ժառանգության հանդեպ։ Հետևաբար, մենք բոլորից լավ ենք հասկանում ազատության ու կյանքի գինը։ Եվ, իհարկե, մենք այլևս երբեք թույլ չենք տա բռնության և ագրեսիայի կրկնությունը, և մեր հայրենիքը պաշտպանելու ենք բոլոր միջոցներով», - շարունակել է Տաթևիկ Կարապետյանը։

«Հայերի հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ». Կանդելակիի և հայտնի հայերի կոչն Ադրբեջանին

Վերջին օրերի իրադարձությունները Հայաստանի շուրջ համախմբեցին աշխարհասփյուռ հայությանը։ Նա վստահ է՝ սփյուռքն ամուր հենարան կլինի հայ ժողովրդի համար և կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի խաղաղ երկինք խաղաղ մարդկանց համար հայրենի հողում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

«Բանակը քանակով չի որոշվում». Արթուր Ալեքսանյանի` զինծառայողներին գոտեպնդող գրառումը https://armeniasputnik.am/society/20200717/23780824.html

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։