«Անպատասխանատու վերաբերմունք է». Ֆրանսիայի  Ալֆորվիլի քաղաքապետը դատապարտել է Ադրբեջանին

Նա նշել է, որ ֆրանսիական կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում խաղաղության վերահաստատման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի անպատասխանատու վերաբերմունքը վտանգ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։ Նման կարծիք է Facebook-ի պաշտոնական էջում հայտնել Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասը։

Լոնդոնում լարված վիճակ է. հայերը պաշտպանում են ՀՀ դեսպանատունը ադրբեջանցիներից. տեսանյութ

«Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանցիների նոր հարձակումը Հայաստանի վրա։ Սա անպատասխանատու վերաբերմունք է, որը վտանգում է ողջ Կովկասը։ Ֆրանսիան այժմ պետք է վճռականորեն գործի ՝ ի շահ այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման»,- գրել է Կարվունասը։

Նշենք, որ Ալֆորվիլ քաղաքը Ֆրանսիայում հայտնի է որպես «փոքրիկ Հայաստան», որտեղ 7-8 հազար հայ է ապրում։ Ալֆորվիլն ու Արցախի Բերձորը քույր քաղաքներ են։ Քաղաքի փոխքաղաքապետերից երեքն ազգությամբ հայեր են։

Լյուկ Կարվունասը եղել է Հայաստանում և Արցախում։ 2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նա կրկին հանդես եկավ Ադրբեջանին քննադատող հայտարարություններով՝ նշելով, որ Ադրբեջանն է պատասխանատու հակամարտության էսկալացիայի համար։

Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։