«Ադրբեջանը տարածաշրջանում պատերազմ է սկսում համաճարակի պայմաններում». Ալեքսիս Օհանյան

Ամերիկացի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն իր հետևորդների ուշադրությունը հրավիրել է հայ–ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայտնի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր էջի 670 000 հետևորդներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի սրման մասին:

«Ուշադրություն։ Ադրբեջանը տարածաշրջանում պատերազմ է սկսում համաճարակի պայմաններում», - սթորի բաժնում գրել է Օհանյանը:

«Ադրբեջանը տարածաշրջանում պատերազմ է սկսում համաճարակի պայմաններում». Ալեքսիս Օհանյան

Մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաշտոնապես կոչ էր արել ամբողջ աշխարհին զերծ մնալ COVID-19 համավարակի ժամանակ ռազմական գործողություններից և պայքարել ընդհանուր թշնամու` կորոնավիրուսի դեմ:

Քիմ Քարդաշյանը կոչ է արել զսպել Ադրբեջանին

Նշենք, որ Օհանյանի հայրական պապն ու տատը փրկվել են Հայոց ցեղասպանությունից ու բնակություն հաստատվել ԱՄՆ–ում:

Ամերիկահայ բիզնեսմենը երկու անգամ պատմական հայրենիք է այցելել։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Հայաստանից ու երկրի մասին գրառումներ և հրապարակումներ է անում։

Ավելի վաղ Օհանյանը խոստովանել էր, որ պատմական հայրենիք կատարած առաջին այցը շրջադարձային է եղել իր համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։