Վնասվել են դպրոցներ, տներ, «Տավուշ տեքստիլ» գործարանը․ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ բացի տեսանյութից պատրաստվում է նաև փաստահավաք զեկույց Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ։
Sputnik

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է փաստահավաք տեսանյութ Տավուշի մարզից։

«Ծիծաղելի է»․ Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի՝ զորանոց ոչնչացնելու մասին հերթական սուտը

«Կարող եք տեսնել ինքներդ իրական վիճակը։ Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա աշխատանքների մասին տեսանյութն է», - գրված է տեսանյութին կից։

Տեսանյութում երևում են Չինարիում հրետակոծված դպրոցը, վնասված քաղաքացիական տներն ու այգիները։ ՄԻՊ-ը պատմում է հակառակորդի հրետակոծությունից վնասված Տավուշ տեքստիլի մասին, որը զբաղվում է բժշկական պաշտպանիչ դիմակների արտադրությամբ։

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ տեսանյութից բացի, պատրաստվում է նաև փաստահավաք զեկույց Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ։

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ինչ իրավիճակ է Արցախում և ՀՀ մյուս սահմանագոտիներում․ մանրամասնում է Արծրուն Հովհաննիսյանը

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16-ին, 05:20-ից սկսած Տավուշի Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը հերթական անգամ հրետակոծվել են Ադրբեջանական զինուժի կողմից։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզը, Չինարիում երեք բնակելի տուն, վիրավորվել է Չինարիի բնակիչ 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 (12 զինվորական, այդ թվում՝ գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։