SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում․ Հովհաննիսյանը հաստատեց

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ռուս լրագրողի հոդվածին՝ նշելով, որ  դիրքի մասին խոսք չի եղել, իսկ կողմերից ոչ մեկը բարձունք չի գրավել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց՝ իսրայելական արտադրության ադրբեջանական SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում։ Մեկնաբանել, թե ինչպես, չցանկացավ։

Համադրելով տեսանյութերը՝ բացահայտում ենք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապատեղեկատվությունը

«Մեր ձեռքում հաճախ ադրբեջանական զենք-զինատեսակի նմուշներ են հայտնվում տարբեր եղանակներով։ Մեկնաբանելը ճիշտ չէ»։

Այսօր ռուսական լրատվամիջոցներից մեկը գրել է, թե Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ՀՀ ԶՈՒ-ն նոր դիրքեր չի գրավել։ Հովհաննիսյանը մանրամասնում է իր պատասխանը՝ ռուս լրագրողի հետ զրույցում դիրքի մասին խոսք չի եղել։

«Ռուս լրագրողի հարցը եղել է բարձունք գրավելու մասին։ Ես շատ հստակ ասել եմ՝ կողմերից ոչ մեկը բարձունք չի գրավել»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ուշադրություն հրավիրելով հատկապես «բարձունք» բառի վրա։ Իր պատասխանը վերաբերել է բարձունքին, քանի որ հարցի մեջ ևս «բարձունք» է ձևակերպված եղել։

«Դեռ առաջին օրը, երբ հարց հնչեց դիրքերի բարելավման մասին, ես նշեցի, որ չեմ մեկնաբանում։  Բարձունքը դիրք չէ և դիրքը բարձունք չէ, բայց ես փակագծերը չեմ բացի, չխանգարենք զինվորականներին իրենց գործն անել»։

Ադրբեջանը նեղն է ընկել և Թուրքիայից զենքի օգնությու՞ն է ուզել․ Հովհաննիսյանի տեղեկությունը

Նշենք, որ այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական ԶՈւ–ի կամիկաձե SkyStriker ԱԹՍ–ի լուսանկարը, որը հայկական կողմը որսացել է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների օգնությամբ։

062 սերիական համարով, իսրայելական արտադրության ԱԹՍ–ն չի հասցրել հարվածել հայկական դիրքերին և բնակավայրերին. այն պարզապես որսացել են հայերը։