ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած տեսանյութերն ու հայտարարություններն առ այն, որ հայկական զինված ուժերի զորանոց և պահեստազորային մեքենա են ոչնչացրել, իրականության հետ աղերս չունեն: Սկզբում Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց տեսանյութ, որում իբր պայթեցվում է հայկական զորանոց։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արդեն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ տեսանյութում ցուցադրված է հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված ԱԻՆ-ի մեքենան։
Որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց ևս մեկ տեսանյութ, որում իբր հայկական բանակի մարտական դիրքեր օգնության հասնող պահեստազորային մեքենա է պայթեցվում։ Համեմատելով ադրբեջանցիների կողմից հրապարակված երկու տեսանյութերը՝ կարող ենք եզրակացնել, որ երկու հատվածներն էլ գտնվում են նույն տարածքում` իրարից ընդամենը մի քանի տասնյակ մետր տարբերությամբ:
Տեսանյութերից արված սքրինշոթերում երևում են նույն առարկաները, դրանցից մեկը նման է բեռնատարի։
Դիտենք երրորդ նկարը: Հայկական կողմը տեղեկացնում է, որ նկարում պատկերվածը քաղաքացիական մեքենա է, որը գնդակոծվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կողմից: Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Չինարիի բնակիչ Արամայիս Հովակիմյանը՝ ստանալով այրվածքներ:Հավանաբար, նա այդ պահին գտնվել է մեքենայի մեջ կամ դրա կողքին։
Այս լուսանկարի ֆոնային հատվածում երևում է «Գազ-66» մեքենա, որը հիշեցնում է վերը ներկայացված սքրինշոթերում եղած բեռնատարը:
Կարելի է ենթադրել, որ ադրբեջանցիները նախ հարվածել են քաղաքացիական մեքենային, այն անվանելով «զորանոց», այնուհետև երկրորդ մեքենային՝ ԱԻՆ-ի բեռնատարին, որն էլ համարել են պահեստազորային մեքենա։
Հայկական կողմը ադրբեջանցիների տեսանյութերի հրապարակումից առաջ էլ հաղորդել էր, որ Չինարիում երկու մեքենա է վնասվել, ընդ որում՝ ԱԻՆ-ի մեքենան մոտեցել է առաջին մեքենայի պայթեցման հետևանքները չեզոքացնելու և վիրավորին օգնելու համար։