Փլուզված տանիք, «մաղ» դարձած պատ. Չինարիում ավերվել են հացի փուռն ու հարակից տունը

Տեսանյութում պարզ երևում են հակառակորդի կրակոցների հետևանքները, իսկ շվարած գյուղացին պատմում է եղելությունը։
Sputnik

Հակառակորդի կրակոցներից տուժել են Տավուշի Չինարի գյուղում գործող հացի փուռն ու հարակից տունը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում երևում է հացի փռի փլուզված պատն ու տանիքը, կրակոցներից «մաղ» դարձած դիմացի տան պատն ու վնասված խողովակների հետևանքով առաջացած «լճակները»։

Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Տավուշում հրշեջներն աշխատում են հրետակոծության տակ. ի՞նչ են հրահանգել բնակիչներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։