Ի՞նչ վիճակում է ադրբեջանական կրակոցից վիրավորված տղամարդը

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը որոշ տեղեկություններ է հայտնում է 48-ամյա տղամարդու առողջական վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik.Հակառակորդի հարվածից վիրավորված 48-ամյա Արամայիս Հովակիմյանի մարմնի մակերեսի մոտ 10%–ն այրվել է, ազդրոսկրի հատվածում բազմաբեկոր վնասվածք կա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Նրա վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Նիկողոսյանի` ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված` համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով:

Ադրբեջանը թիրախավորել է Տավուշի սահմանամերձ գյուղերը. ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել

Նշենք, որ Արամայիս Հովակիմյանը Չինարիի բնակիչ է։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ նա վիրավորվել է այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է` ադրբեջանական դիակների թիվը կարող է խիստ ավելանալ

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։