«Ատելության շարժառիթով». Չինարիի կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Ադրբեջանցիների հանցագործությունն ավարտին  չի հասցվել, բայց առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական կողմի սկսած մարտական գործողությունների փաստով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակ  է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող  առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին  չի հասցվել, իսկ  նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են»,–նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն։  

Գիշերային դիվերսիոն ներթափանցման փորձին մասնակցել է 100-ից ավելի ադրբեջանական զինծառայող

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ