Այս ամենը բոլոր միջազգային կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում է. Արարատ Միրզոյան

Հայաստանը սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ է ուղարկել իր գործընկեր բոլոր միջազգային կառույցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին նամակով տեղեկացրել է բոլոր այն միջազգային կառույցներին, որոնց անդամակցում է Հայաստանը:

«Ես տեղեկացնող բնույթի նամակներ եմ ուղարկել ԵԽ նախագահին, ԵԱՀԿ նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ մեր գործընկերներին,- ասաց Միրզոյանը,- այս ամենը խիստ դատապարտելի է, այս ամենը բոլոր միջազգային կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում է: Ե՛վ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, և՛ մեր խորհրդարանականներն այս ամենի մասին պարբերաբար ու շատ մանրամասն տեղեկացնում են մեր բոլոր միջազգային գործընկերներին»:

Անդրադառնալով գործընկեր կառույցներից ստացվող արձագանքներին ու մասնավորապես ՀԱՊԿ-ի հայտարարությանը` Միրզոյանը հայտարարեց, որ այդ կառույցի մեր գործընկերները տեղեկացված են, որ ՀՀ ԶՈւ-ն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին ու միջամտության կարիք չկա:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին ՀԱՊԿ-ն հայտարարություն էր տարածել, որում լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարման վերաբերյալ՝ կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել հրաձգությունը, վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում։

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։