Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել

Հայրապետյանին պատկանող ընկերության և ֆուտբոլի ֆեդերացիայի միջև 2013-2018 թվականներին կնքվել են ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական ԱԺ նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ խոշոր չափի կոռուպցիայի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվի. բողոքը մերժվել է

Հաղորդագրության համաձայն՝ Հայրապետյանին պատկանող ընկերության և ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-2018 թվականներին կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Պայմանագրերի հիման վրա ՀՖՖ-ի բյուջեից հիշյալ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 178 միլիոն 878 հազար դրամ։ Պարզվել է, սակայն, որ դրանից հետո թերի, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չմատուցված ծառայությունների վերաբերյալ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են նշված գումարների չափով մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Ապօրինությունների արդյունքում` յուրացման եղանակով հափշտակվել է 120 միլիոն 721 հազար դրամ։

Ռուբեն Հայարապետյանը կարող էր հայրենիք վերադառնալ, բայց չի եկել․ ՔԿ ղեկավար

Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը այժմ հետախուզման մեջ է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն): Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով:

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ն դարձրած է եղել հարստանալու գործիք. ոստիկանության բացահայտումները

Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։